You are viewing spetrossian

Ավիրահոտ


Հարեւանիս հետ շենքի մուտքի դիմաց կանգնած՝ խոսում ենք։ Ամառային սովորական օր է․ ես ասում եմ՝ շոգ չէ, մայրս ասում է՝ «սենց շոգ ոչ մի տարի չէր եղել»։ Ինչեւէ, խոսում ենք հարեւանիս հետ համատիրության անելիք ու արած գործերից․
― Բա էս դուռը ե՞րբ են փոխելու, ― նայում է հին դռանը, որի բռնակը վաղուց կոտրվել է, հանել ենք, ու հիմա մատներդ պիտի մի ծուռումուռ ծակից ներս խցկես, ձեռքդ մի քիչ քերծես, որ դուռը կարողանաս բացել։
Դուռը ճռռաց։
― Չգիտեմ, ― ասում եմ ես՝ առանձնապես չհետաքրքրվելով։ Նայում եմ դիմացի շենքին, նրա արդեն փոխված, նոր, կոդով դռանը, ու ասում, ― հեսա մերի հերթն էլ կգա։
Դուռը ուժեղ շրխկաց․ պատի ծեփի եւս մեկ շերտ սպիտակեցրեց գետինը։
― Ըհը, էլի փակվեց, դե հիմա արի ու բացի, ես սրա սարքողի․․․ , ― հարեւանիս ու դռան կռիվը սկսվեց, ես մտածեցի՝ սարքողն ի՞նչ կապ ունի, կոտրողին հայհոյիր, բայց հարեւանների հետ վիճել պետք չէ, հատկապես՝ վերեւի, թե չէ լվացքով արեւդ կկտրեն, ու ես հեռացա։
Երեկոյան, երբ հետ եկա, շենքի դուռը բաց էր։
Դռնից շատ մարդիկ էին ներս մտնում, ու դռան թերությունն էլ հենց դա էր, որ այն ներս էր թողնում ոչ միայն բնակիչներին, այլեւ բոլորին, ու ստիպում, որ դռան ամեն բացվելուն պատրաստ լինես նաեւ հիասթափության, որ քո սպասածը չէ։ Դուռը ծեր դուռ էր, ու նայում էր կողքի շենքերին, նրանց դռները նոր էին, եւ ներս էին թողնում միայն բնակիչներին, իսկ ինքը՝ նույնիսկ շենքի պատերին միզողներին։
Իսկ շենքի թերությունն էլ այն էր, որ չէր փլվում իր պատերին միզողների գլխին։
շարունակությունը՝ http://chvhatvogh.wordpress.com/2012/08/08/%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BF/

Սկիզբը


Ձեռքերս ամուր խաչել եմ մորս մեջքին, գնում ենք։ Նրա գրկում եմ, հիմա մեծ եմ, բայց դեռ նրա գրկում եմ ու դեռ ինձ ապահով եմ զգում գրվկած, ավելի ճիշտ՝ նրա մարմնին գրեթե ձուլված։ Ութ տարեկան եմ, դպրոց եմ գնում մեկ֊մեկ։ http://chvhatvogh.wordpress.com/2012/06/06/702/

Անուշ տատը


 
Անուշը պատանեկան տարիներին մտածում էր միայն կյանքի մասին, հետո նա սկսեց մտածել եւ կյանքի, եւ մահվան մասին, իսկ ավելի ուշ նրա մտքերը միայն մահվան հետ էին։ Ու երբ որ մահը հասկացավ, որ տիկին Անուշը այլեւս չի վախենում իրենից, այլ միայն ժամկետներն է քննարկում, որոշեց խաղալ իր ապագա հաճախորդի հետ, ձգելով նրա կյանքի վերջին տարիները։ Ու տիկին Անուշը իր համար աննկատ կերպով մի օր դարձավ Անուշ տատ։ 
  
* * *
 Օրը սովորական հանգստյան օր էր, ուրեմն Անուշի համար անտանելի երկար էր լինելու այն, ուրեմն իր բոլոր ծանոթները օրը անցկացնելու էին իրենց ընտանիքների հետ, ու եթե նույնիսկ ինքը միանար նրանց, միեւնույնն է, իրեն ավելորդ էր զգալու, ու թվալու էր, թե խանգարում է։ 
 Հանգստյան օրերից միշտ խուսափող այս կինը, իր կյանքի բոլոր հանգստյան օրերը ինքն իրեն ծանրաբեռնում էր ձիու պես, ու աշխատում էր առավոտից երեկո, մինչեւ որ անցնեն այդ անտանելի ժամերը։ Հիմա, այս անգամ, ի վիճակի չէր ինքն իրեն ծանրաբեռնել, արդեն իսկ հոգնած էր արթնացել։ 
  Մտածեց, թե գիշերը լավ չի քնել, դրանից է։ Ու իրոք, լավ չէր քնել՝ երազում մահացած հորն էր տեսել։ Երազը շատ ուժ էր տարել նրանից, ու երբ արթնացել էր, դեռ զրուցում էր հոր հետ, ու իրականությունը չէր տարբերում երազից, մինչեւ հեռախոսազանգը՝ սխալ էին զանգել։ Օրը դանդաղ անցավ, բայց ինքը չմտածեց այդ դանդաղության մասին, բազկաթոռի մեջ նստած նայում էր հեռուստացույց, ժամանակ առ ժամանակ գլուխը թեքվում էր աջ ուսի կողմը, աչքերը փակվում էին, ու հետո, նա չէր էլ նկատում, որ ինչ֊որ բան է բաց թողել։ 
 
 Օրը գլորեց, վատ մտքերը հեռացնելով էկրանից այն կողմ, ապակու մյուս կողմը։ 
 Հաջորդ օրը, աշխատանքի գնալուց, հարեւանի երեխան բարեւեց․
―Բարեւ, Անուշ տատ։
Անուշը այնքան շփոթվեց, որ սկզբից ականջներին չհավատաց, հետո մտածեց, որ նա ուրիշին է դիմել, հետո տեսնելով որ միայն ինքն է այդտեղ, զայրացավ երեխայի վրա, վախեցավ երեխայից, մի կերպ բարեւեց, սովորական ժպիտի փոխարեն շուրթերը մի փոքր ծամածռեց, ու քայլերը հաճախացրեց։ Երեխան նրա շփոթմունքը չնկատեց, հանգիստ շարունակեց գնդակը պատին խփել։ 

 Անուշի միտքը ամբողջ ճանապարհին երեխայի արած արտահայտության հետ էր ու նա քիչ էր մնում մեքենայի տակ ընկներ։ Ինչից փրկվելուց հետո, ավելի շփոթվեց, ամաչեց, մտածեց, որ երեխան ճիշտ է, որ ինքը իրոք ծերացել է, բայց դա միայն րոպեական ինքնքաննադատություն էր, որը հերքվեց իր իսկ կողմից որոշ ժամանակ անց, ու նա գտավ պարզ բացատրություն՝ երեխան անդաստիարակ է։ 
 Բացատրությունից գոհ մնաց։ Օրը անցավ սովորականի պես։ Միայն աշխատակիցներից մի քիչ ճնշվեց։
 ― Անո՛ւշ, ախր տենց ոնց կլինի, ― ասում էր ուսմասվարը,― երեխաները ասում են դասին, մի պահ քնել ես։ 
Անուշը մի երկու անգամ հերքեց դասին քնած լինելու փաստը, բայց որ տեսավ, որ ուսմասվարը ոչ մի կերպ հետ չի կանգնում իր ասածից, լռեց ու կասկածեց իր վրա։ 
 Հետո այլ ուսուցիչներ նրան հանգստացրին, թե հաստատ երեխաներն են հորինել, ու նա արդեն մի փոքր թեթեւացած տուն եկավ, իր նոր ընկերոջ՝ հեռուստացույցի հետ երեկոն անցկացնելու։ 

 
 Մյուս օրը նա զարթնեց արեւից շուտ, ագռավների հետ։ Նստեց անկողնում, սպասեց արեւին ու մարդկանց։ Սպասեց աշխատանքին, բայց մտքերը մռայլ էին։ Նախորդ օրվա դեպքերը դեռ պտտվում էին մտքում։ Երբ փորձեց վեր նստել ակնողնում, մեջքը ցավեց։ Պինդ կապեց մեջքը, մտքում ասելով՝ «պինդ եմ կապում, որ ցավը չփախնի, իմ ցավը ինձ մնա, իմ ունեցածը ինձ մնա»։ Աշխատանքի գնալու ցանկություն չուներ։ «Սերունդը այն չէ»․― մտածեց։ Տարվա սկզբից արդեն զգացել էր, որ երեխաները էլ առաջվանը չեն, որ չեն գրավում իրեն հետաքրքիր դասեր անցկացնելու։ Հիմա դրան ավելացավ նաեւ նրանց անշնորհքությունը։ Մեկ անգամ եւս հիշեց նաեւ հարեւանի երեխայի անդաստիարակությունը, ու իր մեջ հաստատեց՝ «սերունդը այն չէ»։ 

 Մի որոշ ժամանակ էլ դպրոցում ունեցավ խնդիրներ, ու որոշեց դուրս գալ, էլ ուժ չուներ այդ ամենին դիմանալու։ Ոչ իր հետ աշխատող ուսուցիչներն էին առաջվանը, ոչ աշխատավարձը, ոչ դպրոցը ու ոչ էլ երեխաները։ 
 Տանը կարող էր զբաղվել իր սիրած գործերով, ու նաեւ մի քանի ընկերներին՝ դպրոցի հիմնադրման օրից իր հետ այնտեղ աշխատող ուսուցիչներին, հյուրընկալել։ Այսինքն, ոչնչից չէր զրկվում, միայն տհաճություններն էին վերանում։ 
  
 Դպրոցից դուրս գալուց հետո, մի որոշ ժամանակ անց, սիրած գործով զբաղվելու ժամանակ նորից չէր ունենում, տան գործն էր անում, ու հեռուստացույցին արդեն ընտելացած, սպասում էր  իր սիրած հաղորդումներին ու ֆիլմերին։ 
 
 Էդպես, մազերը ներկելու ժամանակ չգտավ, բայց մի երկու անգամ կտրելու գնաց, ու այդ երկրորդ կտրելուց հետո, գլուխը լրիվ սպիտակեց։ Ինքն իրեն ասաց, որ այդպես ավելի սիրուն է, որ իրեն սազում է սպիտակ գույնը։ Փողոցն անցնելիս մի տղա առաջարկեց օգնություն, ու Անուշը չսարսափեց նրա առաջարկից, հանգիստ ընդունեց այն, ու թույլ տվեց, որ իրեն ուղեկցի։ Իրեն լավ զգաց նման ուշադրությունից, հետո, երբ արդեն փողոցը անցել էին, զարմացավ իր լավ զգալու վրա, ուրախանալու վրա։ «Մարդկանց եմ կարոտել»,― մտքում բացատրեց Անուշը։ 

 Անուշ տատի բակ մտնելուն պես, նրան շրջապատեցին բակի կանայք, թե գնանք սուրճ խմենք, բաժակներս նայիր։ Անուշը իհարկե երբեք բաժակ չէր նայել, բայց մարդկանց հետ շփումին կարոտ էր, ու կանանց առաջարկը ընդունեց, մտածելով, որ կկարողանա մինչեւ բաժակ նայելու պահը հասնելը այնտեղից հեռանա, կամ գուցե նրանց բացատրի, որ չի կարող։ 
 Բայց երբ արդեն կանանց հետ նստած էր, ուշ էր, ու նա հասկացավ, որ իրեն կանչել են, ոչ թե զրույցի, այլ հենց բաժակ նայելու, ու անցավ իր «պարտականությանը»։ Սկսեց աջից նստած մոտ երեսնամյա կուշտ կնոջից, ասաց մի երկու ընդհանուր նախադասությունից, մի երկու գրքից վերցրած սիրային պատմության ակնարկ, ու կանայք հավատացին Անուշին, ապագան գուշակող, բաժակի գաղտնիքները բացող Անուշին, ու դրանից հետո ամեն օր նրա մոտ հյուր էին գալիս՝ բախտները իմանալու։ 
 Անուշին սկզբում այդ ամենը զվարճալի թվաց․ նա հանգիստ հորինում էր բաժակում պատկերներ, բայց մի որոշակի պահից հետո, սկսեց պատասխանատվություն զգալ, իրեն վստահվող բաժակի պատմածը ճշգրտորեն տերերին հասցնելու գործում, ու սկսեց պատմել այն, ինչ իրոք տեսնում էր, այսինքն գրեթե ոչինչ։ Այդպես կանայք սկսեցին քիչ գալ Անուշ տատի մոտ, նրան ասելով, թե շատ գործ ունեն, զբաղված են, որ հենց հարմար լինի, անպայման կանցնեն նրա մոտ սուրճի, իսկ իրար մեջ խոսելով, որ խեղճ կինը այնքան է ծերացել, որ էլ չի տեսնում ոչինչ։ 

 Անուշը նորից միայնակ մնաց, ու մարդկանց կարոտը սկսեց բավարարել անցյալը հիշելով, հին մարդկանց մտաբերելով։ Կյանքի որոշ դրվագներ հազարերորդ անգամ ապրելով, դրանք վերագնահատելով, հին սխալների համար գլխին տալով, ու ապագայի մասին ոչ մի կերպ չմտածելով։ 
 «Ի՞նչ ապագա», ― կրկնում էր ինքն իրեն, ― «իմ ապագան արդեն եղել անցել է, հիմա էնտեղ, իմ հին մտքերում եմ կառուցում ես իմ ապագան։ Ի՞նչ ապագա, իմ ապագայի բոլոր մարդիկ արդեն էն աշխարհում են։ Իմ ապագան միայն օրերն հաշվելն ա»։

 Հարեւանները երկար ժամանակ նրան չէին տեսել, անհանգստացել էին, միայնակ կին է բան պատահած չլինի։ Եկել էին նրա մոտ, հետո իրար պատմում էին․
 ― Նիհարել ա, վրան հալ չկա։ Աչքերում փայլ չկա։ Նայում ա, չգիտես քեզ ա նայում, թե քո միջով մի ինչ֊որ կետի։ Մեկ էլ  կասի՝  «Համլետ ջան, ներս արի, էդ դռանը մի կանգնի», նայում ենք, մարդ չկա։ Խելքը թռցրել ա, հեչ էն չի վիճակը։ Բարեկամներ էլ չունի,,,

 Շենքի բնակիչները ամեն օր սպասում էին, որ Անուշ տատը կմեռնի, բայց նա չէր մեռնում, ու չէր մեռնում։ Մի անգամ նույնիսկ դուրս էր եկել՝ խանութ գնար, վերացած հայացքով նայում էր շուրջը, կարծես մարդիկ իրեն օտար էակներ լինեին, չէր պատասխանում ոչ մեկի հարցին ու խնդրանքին՝ տուն վերադառնալ, ու միայն կնոջը, ում բախտը ամենալավն էր կարդացել սուրճի բաժակի մեջ, հաջողվեց նրան համոզել, ու տուն ուղեկցել։
Հետո, այդ կինը խնամում էր նրան, մինչեւ մեռնելը։

Ասում էր, որ Անուշ տատը վաղուց մեռած մարդկանց հետ էր հա խոսում, ու իր հետ նույնիսկ չէր էլ շփվում։

Եթե ես շուն լինեի


Մեզ տալիս էին գրել շարադրություն «եթե ես նախագահ լինեի» թեմայով, իսկ ես ուզում էի գրել «եթե ես շուն լինեի»֊նով։ Այնպես որ, գրում եմ՝

Սաթենիկ Պետրոսյան
ԵՊՀ, ԻԿՄ, 4֊րդ կուրս, 1ին հոսք։


Եթե ես շուն լինեի
(շարադրություն)
Շուն եմ, պառկած եմ արեւի տակ, գլուխս մտցրել եմ թաթիս տակ՝ որ արեւը աչքերիս չլինի։ Բակում եմ պառկած, բայց մի քիչ հետո արեւը շուռ կգա, կգնամ փողոցի կողմում կփռվեմ, ու մեկ֊մեկ անցնող մեքենաների վրա կհաչամ։ Սիրում եմ մեքենաներ, հետները խաղում եմ, վազում հետեւներից, հաչում եմ, չեն հաչում վրաս։
Մարդկանց հետ աշխատում եմ լավ լինել, բայց զարմանալին են, համ ժպտում են, համ չեն ուզում թռնեմ վրաները։ Ես էլ սիրում եմ թաթերս դնել նրանց գիրկը, տենց ավելի մոտիկ եմ զգում։ Ժպտում են, ժպտում եմ, բայց համոզված չեմ, որ հասկանում են, որ ժպտում եմ։ Անցյալ ամառ պոչս կտրել են, հիմա թափ տալս էլ չի գալիս, ամաչում եմ։ Որ բռնեցին, պոչս թաքցրի ոտքերիս արանքում, որ մտածեն չունեմ, բայց աչքներից չվրիպեց։ Հեհ։
Մարդիկ մոռացող են։ Միշտ զարմանում եմ։ Առավոտյան սիրում են, երեկոյան արագ անցնում՝ իբր չեն ճանաչում։ Վազում եմ հետեւներից, մի երկու անգամ հաչում՝ ձայնս էլ չեն ճանաչում։ Հաջորդ առավոտ նորից լավ են լինում հետս։
Մարդիկ կան, շներին տանն են պահում։ Համ խղճում եմ շներին, որ ստիպված են հասկանալ, թե էդ մարդը իրենցից ինչ է ուզում, համ էլ լավ է, անձրեւներից խուսափելու տեղ ունեն։ Թե չէ, մենք շենքերի մուտքերում ենք թաքնվում, բայց հիմա դռները փակ են։ Որ մտնում ենք, միանգամից դուրս են քշում։ Լավագույն դեպքում, առանց ոտքով խփելու։ Էդ ցրտին հաչալ էլ չի լինում, հաչում ես, հետո ձայնդ կտրվում է, ու տենց կտրված ձայնով որ հաչում ես, կատուներն էլ են ծիծաղում։
Չեմ սիրում երեխաներին։ Որ պոչ ունեի, պոչիցս էին քաշում, հիմա մեկ֊մեկ քարով են խփում, կամ հենց մոտիկ եմ գնում, լացում են, ծնողները գալիս գոռում են վրաս։
Մի անգամ, գիշերը հաչում էի, մի երեխա մտածեց՝ լիալուսին է, դրա համար եմ հաչում։ Ասում էր․
― Մա՛մ, տե՛ս, լուսնին է նայում հաչալուց։
Մի լավ ծիծաղեցի, որովհետեւ գիշերները հաչալուց միշտ էլ վերեւ եմ նայում, մարդիկ ինչ֊որ բաներ են շպրտում, երբ գիշերն եմ հաչում։ Մի տեսակ նյարդային են գիշերը, չեմ սիրում։ Հա, բայց էդ երեխան շատ ծիծաղելի էր։ Բայց հետո մեկ էլ վախեցա, մեկ֊մեկ մարդիկ նենց բաների են հավատում, որ, մտածեցի ավելի լավ է փախնեմ, քանի շուտ է։
Գիշերները նենց լավ է, մարդիկ քիչ են, մեքենաները քիչ են, մենք ենք ու մենք։ Աղբարկղերն էլ են մերը։ Վազում ենք ազատ, իրար հետ տոպրակ քաշքշում։ Մեկ֊մեկ ինչ֊որ բաներ չենք կիսում, բայց ոչինչ, դիմանում ենք։ Շան հետ կռվելը ավելի հեշտ է, քան մարդու։ Շան հետ օրենք կա։
Ասում են, էն, որ երեխաներին վախացնում են, թե մեշոկ պապին կգա կտա, էդ իրականում գալիս է, բայց շներին է տանում։ Չգիտեմ, չեմ տեսել, բայց հավատում եմ, զգույշ եմ լինում, մարդուց ամեն ինչ սպասելի է։ Որ իրար հետ են տենց, բա մեզ հետ ոնց կլինեն։
Բա մի անգամ, անցնում էին երկու հոգի, մեկ էլ մեկը ասեց․ «Այ շան տղա», ես էլ իմ համար պառկած էի արեւին, գլուխս բարձրացրի, նայում եմ, մերոնցից չի։ Չէ, շատ անհասկանալի են։
Հա, մեկ էլ չեմ սիրում, որ անցնում են կողքովս ու էն սովետական անուններն են տալիս՝ Շարիկ։ Ես ձեզ ի՞նչ Շարիկ, սովետը արդեն քադվել է, էլ Շարիկներ չկա՜ն։ Վերջին Շարիկը տասը տարի առաջ մեռավ։ Էհ, լավ շուն էր։
Հիմա գնում ես էս բակից, կողքի բակի շներից լսել եմ, որ շուն տանողները մեր կողմերում են երեւալու։ Անհանգիստ եմ, որ լուրը սխալ կլինի, ու իմ բացակայության ընթացքում ինչ֊որ ուրիշ շուն իմ աղբարկղերում կլինի, հետո մինչեւ նորից տարածքս նշեմ, հոգիս կգնա։ Բայց դե, ավելի լավ է տենց, քան բռնվեմ։ Դե՛հ, գնացի՜։
Էս կյանքի չի, որ մենք ենք ապրում։



Պատահար փողոցում

Մի մարդ թռավ տրամվայից, բայց այնքան անհաջող,
որ մեքենայի տակ ընկավ։ Երթեւեկությունը կանգ առավ, ու ոստիկանը
անցավ պարզելու դեպքի պատճառները։ Վարորդը ինչ֊որ
բան էր երկար
բացատրում՝ մատով ցույց տալով անիվները։ Ոստիկանը շոշափեց անիվները
ու գրքույկում գրեց փողոցի անունը։ Մարդիկ սկսեցին հավաքվեցին։
Մարած հայացքով ինչ֊որ մեկը անընդհատ գլորվում էր ուղեսյունից ներքեւ։

Ինչ֊որ կին հա զննում էր մի այլ կնոջ, որն էլ իր հերթին,
հա զաննում էր առաջինին։ Հետո մարդիկ ցրվեցին, ու
երթեւեկությունը վերկանգնվեց։ Read more...Collapse )

Մտքեր․ օրագրային



* * *
կոկորդս ցավում է, կապել եմ պինդ, որ չփախնի ցավը

* * *
Նույն միտքը այնքան պտտացրու գլխումդ, որ գլուխդ պտտվի, գլխիդ հետ աշխարհն էլ պտտվի։ Հետո, երբ մեծ արագությամբ հերթական պտույտը գործելուց կլինի, բաց կթողնես միտքը, ու սանձը կտրած՝ կթռնի գրողի ծոցը, ու աշխարհն էլ հետը կթռնի ծոցը գրողի։

* * * 
Հին ընկերդ փողոցում կտեսնի, չի ճանաչի, բայց դու կշարունակես նրան հին ընկեր կոչել։ Չես շփվի հետը, որ «հին» մնա ու «ընկեր» մնա։ Read more...Collapse )

Tags:

Ծերունին



Ծերունին զարթնեց առավոտյան շուտ, ինչպես միշտ, չզարմացավ այդքան շուտ լինելու վրա, արդեն քանի տարի է այդ նույն ժամին էր արթնանում։ Ժամացույցի պես էր աշխատում օրգանիզմը։ Դեռ մի երկու ժամ էլ լուռ կպառկի անկողնում, միևնույնն է շտապելու տեղ չունի։ Առաջ կինը գալիս հանում էր տեղից, թե պիտի տունը մաքրեմ, գնա այգի զբոսնիր մի քիչ, իսկ հիմա, արդեն երեք ամիս է կինը չկա ու ինքը կարող է պառկել սրտի կամեցածի չափ։ Ու տունն էլ մաքրելու խնդիր չկա։ «Հեն ա, մաքուր ա էլի», - ինքն իրեն խոսեց ծերունին, - «թե ինչ էիր էդքան ամեն օր մաքրում»։ Ու իրոք, հիմա ինքը էլ շորերը աջ ու ձախ չէր գցում, հավաք էր պահում, կարողացածի չափ․ գիտեր, որ մաքրողը ինքն է, այսինքն մաքրող չկա։
* * *
Իր արած բազմաթիվ գործերից միայն մի քանիսն էին նշված աշխատանքային գրքույկում, ստաժը քիչ էր, ուրեմն թոշակն էլ քիչ էր, ոչ մի կերպ չէր հերիքում։ Պետք էր մի ինչ-որ կերպ պակասը լրացնել։ Առաջ, երբ կինը կար, ու դեռ համատիրությունները չկային, շենքի բնակիչները նրան էին ընտրել կոոպերատիվի նախագահ։ Ամեն ինչի գումարը ինքն էր հավաքում, փողերը մոտը լինելուց հաճույք էր ստանում, տանից դուրս գալուց՝ շենքի փողերը միշտ հետն էր վերցնում։ Ու երբ իր ու կնոջ թոշակը վերջացած էր լինում, շենքի գումարից պարտք էր անում, որ թոշակը ստանալուց տեղը դնի։ Ու այդպես, հենց ստանում էր թե չէ, պակասորդը լրացնում էր։ Ու այդ լրացնելուց, թոշակը այդ ամիս ավելի շուտ էր վերջանում, ու ինքը պարտքը ավելի շուտ էր վերցնում, պարտքը այդ անգամ ավելի շատ էր լինում․․․
Հիմա արդեն էլ չկա կոոպերատիվը, իրենց շենքն էլ վերցվել է մի քանի շենքերից կազմված համատիրության կազմի մեջ։ Նախկինում ունեցած իր այդ պաշտոնից իրեն մնացել է միայն հավաքարարի գումար չվճարելու շքեղությունը, այն էլ, ամեն անգամ դուռը ծեծում են, ու ինքը ստիպված է կրկնել, որ ինքը ազատված է այդ վճարը տալուց, մտքում բողոքելով՝ «բա մարդ փող չունենար, էդ ամսական 300 դրամը շպրտեր երեսներին, ստիպված չլիներ սենց ապրել»։ Բայց ինչ արած, գումարը այդ 300 դրամը չվճարելով էր, միեւնույնն է չէր հերիքում։ Կոոպերատիվից զրկվելուց հետո, ինքը երկար փնտրում էր, ինչպես գումար վաստակի։ Այդ տարիքում իհարկե իրեն ոչ մի տեղ աշխատանքի չէին վերցնի, ուրեմն պետք էր մի բան ինքնուրույն անել։
Երկար ժամանակ մի կերպ, մի օր սոված մի օր մի քիչ կերած ինքն ու կինը ապրում էին, մինչեւ պարզվեց, որ կինը հիվանդ է։ Գուցե հենց այդպիսի սոված օրերի հետեւանքով էլ հիվանացավ։
Առավոտ էր՝ դեռ չլուսացած։ Շտապ օգնության մեքենան կարմիր-կապույտ լույսերը պտտացնելով մտավ բակ, ինքը վազեց աստիճաններով ներքեւ, նրանց բերեց կնոջ մոտ։ Տեղափոխեցին հիվանդանոց։ Կինը չէր ուզում, որ տանեն հիվանդանոց, ամուսնու ականջին ասում էր․
― Ախր, մենք փող չունենք է։
Բժիշը լսեց կնոջ խսքերը ու ծերունուն քաշեց մի կողմ, ասաց, որ հիվանդանոցի ծախսերը պետությունը կհոգա, իսկ իրենք ստիպված կլինեն վճարել միայն դեղերի համար։ Ու նաեւ ավելացրեց, որ կնոջ վիճակը լավ չի, ու շատ ավելի ապահով կլինի հիվանդանոցում։ Թոշակը մի օր առաջ էին ստացել, ուրեմն դեղերի ծախսը կկարողանար հոգալ, համաձայնեց, կնոջը տեղափոխեցին։
Հիվանդանոցը աղմկոտ էր։ Քաղաքը այդ ժամին լուռ էր, քնած էր։ Իսկ հիվանդանոցը շուրջօրյա արթուն է, աղմկոտ։ Կնոջը տեղավորեցին ընհանուր պալատ, ուր բացի իրենից եւս վեց հոգի կային։ Կինը նեղվեց նրանց ներկայությունից, խեղճ նայեց ամուսնուն։ Բայց դե պետության փողերով էր։ Ամուսինը թոթվեց ուսերը, եւ նրան խնդրեցին հեռանալ՝ հիվանդներին հանգիստ էր պետք։ Հեռանալուց առաջ նա բուժող բժշկից իմացավ անհրաժեշտ դեղերի անունները, քանակը, որ հաջորդ օրը հետը բերի։ Տուն գնաց, բայց քնել չկարողացավ․ նստեց խոհանոցում, պատուհանին մեջքով՝ ձեռքերը անիմաստ կծկած ոտքերի մոտ։ Ափսոսաց եւս մեկ անգամ երեխաների չունենալու, երիտասարդ տարիքում արած հիմարությունների համար։ Ափսոսաց երեխա չորդեգրելու համար։ Ափսոսաց փող չունենալու համար։ Ափսոսաց մինչեւ ժամը ութը։ Ութին գնաց դեղատուն։ Դեղերը շատ էին թանկ։ Մի երեք օրվա դեղ առավ, ու իր էլ, կոնջ թոշակն էլ վերջացավ։ Շատ չմտածեց դրա մասին էլ։ Արդեն բավական հոգնած էր նման մտքերից, պարզապես վերցրեց դեղերի տոպրակը ու գնաց հիվանդանոց։ Մի ժամ սպասեց, մինչեւ կինը արթնացավ, նրան թողեցին ներս։
― Տար ինձ տուն, ― միանգամից ասաց կինը, հերթ չտալով ծերունուն նույնիսկ բարեւել։
― Ստեղ քեզ ավելի լավ է, բժիշկները հետեւում են, ― շփոթված ասաց ծերունին։
― Չեմ ուզում, ես տանը կլավանամ, ― արցունքոտ աչքերով ասաց կինը։
― Ստեղ ավելի արագ կլավանաս, ― ծերունին մեղմ ժպտաց, կնոջ ձեռքը սեղմելով։
― Ստեղից մենակ մի ձեւով են դուրս գալիս, ― արդեն արցունքները չզսպեց կինը։
― Հը՞ն, ― չհասկացավ ծերունին։
― Դե․․ ,―կմկմաց կինը։
Ծերունին շուրջը նայեց։ Մի անկողին ազատվել էր այս գիշեր։ Երբ կինը տեսավ, որ ծերունու հայացքը կանգնեց այդ անկողնու վրա ասաց․
― Այս գիշեր եղավ, ― ու գլուխը շրջեց մյուս կողմ։
― Երեխա մի եղիր, ― փորձեց թեթեւացնել, բայց այլ բառեր չգտավ, որ ասի, հետո ավելացրեց, ― գնամ բժշկին տեսնեմ, հարցնեմ էլ ինչ է պետք։
Ու դուրս եկավ։ Բժշկին հարցրեց կնոջ նոր դեղերի մասին, ու ընթացքում նաեւ այն ազատված մահճակալի մասին։
― Հա, ― բժշկական սովորականությամբ ասաց նա, ― չկարողացանք փրկել։
Ծերունին գնաց տուն, որ նոր դեղերը բերի։ Գումար չունենալու մասին լրիվ մոռացել էր։ Տուն հասավ, մտավ խանութ, որ հաց առնի՝ ասել էին, որ կնոջ համար արդեն կարող է ուտելիք բերել, ձեռքը տարավ գրպանը, որ վճարի, հիշեց որ փող չունի։ Իր հետեւում մի ամբողջ հերթ էր, հերթում բոլորը ծանոթ՝ նույն շենքից, ու ամաչեց, որ գումար չունի, ամբողջ շենքի առաջ ամաչեց։ Խնդրեց պարտքով տալ։ Ու այնքան խեղճ խնդրեց։ Ուրիշները այնպես են ասում՝ գրեք, հետո կբերեմ, որ թվում է, թե ոչ թե իրենք են պարտքով վերցնում, այլ իրենց են պարտք։
Տուն բարձրացավ դեռ ամոթը դեմքին, դուռը փակեց, ու սկսեց տանըփնտրել ինչ-որ իր, որ վաճառի։ Բայց այդպիսի ոչինչ չկար տանը։ Թանկ իր միայն կնոջ մի երկու մատանին էր, այն էլ մատներին էր։ Մնում էին միայն գրքերը։ Գրքերը վաճառելու միտք էլի էր եղել, երբ գումար չունեին հացի, բայց կինը դեմ էր եղել։ Հիմա էլ չի կարող դեմ լինել։ Լինի, չլինի, պետք էր վաճառել։ Ծերունին ընտրեց դրանցից համեմատաբար նոր տեսք ունեցողները, ու տարավ Երիտասարդակաի գետնանցում։ Ընդամենը մի քանի հազար դրամ ստացավ դրանց դիմաց։ Գնաց դեղատուն, դեղերը գնեց։ Բավական ժամանակ էր ծախսել գիրք ընտրելու, վաճառելու, դեղ գնելու վրա, ու վազելով հասավ հիվանդանոց։
Հետո նրան երկար համոզում էին բժիշկները, որ դեղերը ուշացնելուց չի, որ մահացել էր կինը, որ ուներ անհրաժեշտ դեղերը, պարզապես օրգանիզմը մաշվել էր, էլ չէր դիմանում։ Ամեն դեպքում, ծերունին դեղերը թողեց հիվանդանոցում։
Թաղեց կնոջը պետական փողերով, որ բաժին է ընկնում ամեն մեռնողին։
Գրքերը շարունակեց վաճառել ու փող ետ գցել, կնոջ գերեզմանին քար դնելու համար։
Մեռելոցներին գերեզման է գնում, ուրիշները միս են տանում իրենց մեռելներին, ինքը հաց է տանում, ու խոսում հետը․
― Խնայում եմ, որ քո քարը լավը լինի։
Այդպես մի օր, տուն գալուց, որոշեց մտնել խանութ, այն օրվա պարտքը փակել։ Խանութատերը ասաց, որ ինքը մոռացել է այդ պարտքի մասին, որ կարող է չվճարել։ Ծերունին խեղճացավ, ասես երկրորդ անգամ պարտք արած լիներ, ոչինչ չասաց․ շնորհակալություն էլ չասաց, պարզապես մարդկանց դեմքերին չնայեց ու գնաց։

* * *
Մի քիչ էլ պառկեց, հիշեց, հիշեց, ու վեր կացավ։ Գնաց գրասեղանի մոտ, հաշվեց փողերը՝ ինչպես ամեն օր էր անում, մի օրվա վաճառքի փող էր պակասում, ուրախացավ։ Հետո քմծիծաղ տվեց իր ուրախության վրա։ Հավաքեց գրքերն ու գնաց սովորական դարձած գործին։
Հաջորդ առավոտ ուներ արդեն ցանկալի գումարը, բայց դեռ քարը դնելու ժամանակը չէր՝ հողը չէր նստել։ Պետք էր սպասել։
Հիմա էլ նպատակ էլ չուներ, վախենում էր, որ գումարը տանը մնա, իրեն մի բան լինի, ու կորի։ Կնոջ քարի փողը կորի։ Այդպես էլ որոշեց, ու թողեց հարեւանի մոտ, այդպես ապահով էր։ Մի քիչ ավելի գումար տվեց, չասաց որ ավելի է, խնդրեց, որ եթե հանկարծ իրեն մի բան լինի, հարեւանը զբաղվի կնոջ քարով։
Նպատակին արդեն հասել էր, կարող էր չգնալ էլ։ Մի օր հենց այդպես էլ արեց՝ մնաց տանը, ինքն իր համար մտածեց՝ «այսօր հանգիստ կլինեմ, ուշադիր լինել պետք չէ։ Գիրք ես վաճառում, բայց հետեւել մարդկանց է պետք»։ Միշտ էլ մենակ էր զգացել իրեն, նույնիսկ կնոջ հետ, բայց հիմա, այս մենակությունը այլ էր․ վերածվում էր սրտնեղության ու նույնիսկ կնոջ քարի փողը ապահով տեղում պահած լինելու միտքը չէր թեթեւացնում։ Մի կերպ անցկացրեց այդ օրը։ Գիշերն էլ չքնեց գրեթե։ Հաջորդ օրը էլի սովորական տեղում էր՝ գրքերը դիմացը։ Ու ուրախ էր իմանալու, որ իր տեղը չի զբաղեցվել այդ մի օր բացակայության համար, ու կողքի սեղանիկի կինը անհանգստացել է իր համար։

Ինքնանամակ


― Ի՞նչը կփրկի աշխարհը,― հարցնում է ակնոցը քթի ծայրին դրած ուսուցչուհին երեխաներին։
― Գեղեցկությունը,―միաձայն գոռում են երեխաները։
― Ո՜չ, ― անսպասելի գոռում է ուսուցչուհին, որ արդեն նման չէ մարդու, ատամները մեծանում են, աչքերը մեծանում են, ― սո՜ւտը,― ծիծաղում է նրանց վրա հրեշը։
Վեր է թռչում քնից, նայում է ժամին՝ երեքն է։ Կես ժամ է անցել պառկելուց, ու հիմա նորից արթուն է։ Հենց փակում է աչքերը, հայտվում է հրեշ դարձածը, ու ծիծաղում՝ սո՜ւտը։ Որոշում է գիրք կարդալ մինչև ենթագիտակցության մեջ սառի հրեշի կերպարը ու նոր քունը այն չվերակենդանացնի։
Գրքում գրվածը չափազանց ծանոթ է, հերոսը շատ հարազատ, ու նրա շրջապատն էլ կարծես իրենն է։ Ու ոչ թե կարծես, այլ հերոսը հենց ինքն է։ Միայն թե չի հասկանում, դա անցյալ՞ն է, թե՞ ապագան։ Հետաքրքրվում է, կենտրոնանում, կարդացած հատվածը նորից կարդում՝ ոչինչ չի հասկանում։ Եթե գրված է, ապա անցյալն է, եթե գիշեր է, ապա գուցե ապագա՞ն։ Սկսում է թերթել գիրքը, չգիտես ինչու՝ կեսից էր բացվել։ Բացում է առաջին էջը, գրված է՝ «Անցյալ», սկսում է թերթել, թերթել, մարդկային հետաքրքրասիրությամբ փնտրել, թե որտեղ է վերջանալու անցյալը ու սկսի ապագան, մեջտեղներում է փնտրում, հետո քիչ առաջ, քիչ հետ, ամեն տեղ նայում է, մնում է վերջը։ Իսկ վերջում գրված է՝ «Ապագա․ չկա»։ Մի պահ քարանում է․․․ անքնությունը բթացրել է նրան։ Հետ է թերթում գիրքը, սկսում է կարդալ անցյալը, ու փորձում համոզել իրեն, որ դա իր հետ կապ չունի։ Սրտի հարվածները արագանում են, շնչառությունը նույնպես, շպրտում է գիրքը հեռու, հետո վազում հետևից՝ գրքի՞, թե անցյալի ― միևնույնն է։
Վառում է սենյակի լույսը՝ գիրքը անհետանում է, ուրախանում է, որ գիտի ձևը այն անհետացնելու, բայց գիրքը ձգում է, ու նա անջատում է լույսը, նետվում գրքի մոտ։ Նայում է ժամին, չորսն անց կես է, լուսանալուն շատ չի մնացել, բայց գուցե հնարավոր լինի գիրքը վերջացնել։ Իսկ գո՞ւցե ավելի լավ է չվերջացնե՞լ, գուցե այդ դեպքում հնարավոր լինի կանխել «չկա»-ն, կամ՝ ճիշտ հակառակը․ պետք է ընտրել։ Ընտրություն, մտածում է նա, վերևից թերթիկ է ընկնում քվեարկության, վրան եղած տարբերակներն են՝ «Սուտ» և «Ճշմարտություն»։ Գրիչը տանում է , որ նշի «Ճշմարտությունը», գիրքը անհետանում է, դեռ չի նշել, գրիչը ետ է բերում, գիրքը հայտնվում է։ Մտածում է, թե ինչի չկա տարբերակ՝ «Որ լավ լինի»։
Զարթնում է նորից․ գիրքը էլ չկա, քվեաթերթիկը կա։ «Ճշմարտության» կողքին, փակագծում ավելացել է՝ «Որ լավ լինի»։

* * *

Ձմեռվա ցուրտը ընդունակ չի փոխել այն, ինչ կա, ու հիմա հասկանում եմ, որ դա ամառվա շոգը չէր, որ հալեցրեց եղածը։ Պարզապես եղածը, սառույցից ավելի պինդ չէր, ուրեմն, եթե պիտի հալվեր, ապա թող հենց այս ամառ էլ վերացներ իր հետքերը։
Ու հիմա նորից ձմեռ է, ձմեռը հետ չի բերում ոչինչ, այն սառեցնում է ցավը, որ արդեն վաղուց անցած է, ու միայն հիշողությունների միջից է տրորում հոգիդ, երբ դու ինքդ ես ուզում տրորոլ քեզ։
Մի ստորացրու ինքդ քեզ, մոռացի՜ր։
Գիտեմ․ չես սիրում ձմեռը․․․ ես էլ։ Այն վաղուց կորցրել է մաքուրը հաստատելու իր կարողությունը, ու ցեխից այն կողմ ոչինչ չի բերում։ Փողոցի ցեխը թող քեզ չշեղի, ու իմ մեջ էլ չթափանցի։ Երկու կամ երեք տարի հետո, ցեխը ավելի մոխրագույն է լինելու, ու ավելի քիչ է պատկանելու փողոցին, ավելի շատ լինի մարդկանց մեջ։
Անքնության հետ մի երկու անգամ խմել ենք, ընկերացել, նա հիմա էլ ինձ չի տանջում։


Փետրվար, 2011

Աղջիկը իջավ Թումանյանը հատող ուղիղ, նեղ ու փաբոտ փողոցով, անցավ մի քանի փայտյա դռների մոտով, ու մոտեցավ այն մեկին, որ թվագրված էր՝ «26»։ «Մի քանի ժամից կլրանա քսան տարիս, իսկ ես դեռ ոչինչ չեմ արել»,―մեղադրեց ինքն իրեն աղջիկը,― «երանի այսօր քնեի, ու տասնվեց տարեկան զարթնեի․ այդ դեպքում, ամեն ինչ այլ կլիներ»։ Ծանր դռան վրա փակցված էր՝ «Մուտքը միայն զույգերվ»։ Աղջիկը համարձակ հրեց դուռը, ծուխը կլանեց նրան ներս։ Սովորության համաձայն, ներս մտնելուց մի հայացք գցեց բոլոր անկյունները, ու առաջացավ դեպի բար։ Բարձրացավ, աթոռին նստեց, ոտքով երկու անգամ ճռճռացրեց երկաթե ձողը, որ նախատեսված էր հենց ոտքերը դնելու համար։ Բարմենը ծանոթ տղան չէր, հետը խոսել-քննարկելու բան չկար։ Հիմա կարող էր արդեն մթին ու ծխին սովորած աչքերը կկոցել նույնիսկ ամենահեռու անկյունում նստածներին տեսնելու համար։ Փոքր-ինչ մեջքով շրջված դեպի բարը, նա նայում էր մոտակա սեղաններին միևնույն ժամանակ մի ձեռքով պայուսակը փորփրելով։ Վերջապես գտավ, հանեց պայուսակից ծխախոտի տուփը, որ մի քիչ ճմրթվել էր տետրերի տակ։ Հանեց մի գլանակ, վառեց, ու պահեց մատների մեջ, ձեռքը պահելով արմունկի մոտ ծալված, դաստակը քիչ ետ գցված։
«Ճիշտ ինչպես մյուս աղջիկները։ Փողոցում ծխող աղջիկ չես տեսնի, միայն տղաներն են համերաշխ թքում ու մեկը մյուսի ետևից գցում ծխախոտի մնացորդները»,- քթի տակ ասաց տղամարդը, որ նստած էր բարի մոտ, աղջկանից մի աթոռ այն կողմ, ու նրա ներս մտնելու պահից անթարթ հետևում էր նրան,-«մուտքը զույգերովի-ի փոխարեն պիտի մուտքը ծխախոտով գրվեր»,- կատակեց ինքն իրեն, բայց մի քիչ բարձր ստացվեց։ Աղջիկը արդեն բոլոր սեղանները աչքի էր անց կացրել, ու ոչ մի հետաքրքիր բան չգտնելով, արմունկով հենվել էր սեղանին ու նայում էր մի կետի, մյուս ձեռքով «մերկացնելով» գարեջրի քրտնած շիշը պիտակից։ Տղամարդը մի աթոռ ավելի մոտիկ նստեց աղջան․ նա դեռ չնկատեց։
― Կարո՞ղ ենք զրուցել,― անկաշկանդ ասաց տղամարդը,― ես Վազգենն եմ։
Աղջիկը նրա վրա տեղափոխեց անտարբեր կապուտաչ հայացքը, որոշեց չարաշահել իր արտաքինի ոչ հայկականությունը, վերջիվերջո, վաղը լրանում է քսանամյակը, կարելի է մի քիչ էլ խաղալ, ինքն իրեն նվեր կանի․
― Օլյա,―մեկնեց ձեռքը ի նշան ծանոթության։ Այդ պահին կողքով անցնող ծանոթ մատուցողուհու դեմքին քմծիծաղ հայտնվեց։ Տղամարդու աչքերը էլ ավելի փայլեցին․ խմիչքի ազդեցությանը գումարվեց այն, որ աղջկա կապուտաչությունը չէր խաբել։
Խոսակցությունը շարունակվեց․ Վազգենը համառորեն խոսում էր ռուսերեն, իսկ Օլյան հայերեն։ Հետո Վազգենն էլ չզգաց թե ինչպես, անցավ հայերենի, ու չհասկացավ թե ինչու, այդպես էլ ինքն իրեն չհարցրեց, թե Օլյան ինչու էր այդքան լավ խոսում հայերեն։ Զրույցի ողջ ընթացքում Վազգենի պատվերով գարեջրի նոր շշեր էին գալիս։ Հերթական կումը անելուց հետո Օլյան ստացավ շնորհավորական առաջին հաղորդագրությունը։ Տեքստի մեջ նշված «շնորհավորում եմ 20իդ կապակցությամբ»-ը կարդաց 16, հավատաց կարդացածին, հավատաց, որ 16ը նոր է լրացել։ Մոռացավ, որ ինքը Օլյան է, ու սկսեց պատմել Վազգենին իր անելիքի մասին, թե ուր է ուզում ընդուվել, ինչ մասնագետ դառնալ, ինչ մարդ դառնալ ու էլի բազում անորոշ-որոշակի, հեռու-մոտիկ նախագծեր, նպատակներ։ Վազգենը այնքան հարբած էր, որ ոչինչ չհասկացավ նրա խոսքերից, կինը արդեն չորրորդ անգամ էր զանգում, փակեց հաշիվը, ու կնոջ վրա բարկացած, որ ռուս աղջկա հետ ոչինչ չստացվեց նրա պատճառով, տուն քարշ տվեց մարմինը։
Օլյան էլ դուրս եկավ փաբից՝ արդեն ուշ էր, Թումանյանը հատող ոլորաններով փողոցով շարժվեց վերև։
Քնեց, արդեն հինգերորդ անգամ տասնվեց տարեկան զարթնելու հույսով։

Տղան միայնակ էր զբոսնում։ Ամառ էր, շոգ էր ու մարդիկ արձակուրդի կարճ օրերին իրար տեսնելու շատ ժամանակ չունեին, արձակուրդը պետք է վայելել, ամեն պահի կարող է վերջանալ, իսկ մարդիկ կսպասեն։ Նա զրուցում էր ինքն իր հետ, երբեմն բարձրաձայն ու քայլում, քայլում, քայլում։
Շունը, փողոցային շուն էր, արդեն ավտոմեքենաների վրա չհաչող, մարդկանց վրա չհաչող, խանութատերերի իր հանդեպ ագրեսիային սովորած, նրանցից հեռու մնացող նաև երխաների քարերով հարվածներից մի աչքից մի քիչ կույր։ Շուն էր, ու պիտի ապրեր, աղբարկղերում ուտելիք փնտրելով, ցեղակիցների կոկորդը կրծելով, ու մի քիչ ավելի բախտավոր իր եղբայրներին անվերջ նախանձելով, նրանց տերերի տաք տների մասին երազելով ու ոչ մի անգամ կուշտ փորով չքնելով։ Տարին երկու անգամ քաղաքապետի շնորսների ձեռքից ու զենքից մազապուրծ լինելով։ Ու ապրում էր։ Ամբողջը օրը վազքի մեջ էր լինում, որ իրեն հասանելիք աղբարկղերը իր ձեռքում պահի, ու դեռ նորերն էլ իրենով անի։ Read more...Collapse )

Լարվածություն


Կինը ձեռքի արագ շարժումով կանգնեցնում է երթուղայինը, որդուն առաջ հրելով մոտենում բացելու դուռը, որը սկզբում չի ենթարկվում, կինը ձգում է ուժեղ՝ չի ստացվում, սկսում է թափ տալ՝ չի ստացվում, հետո հուսահատ հանգստությամբ նորից փորձում, այս անգամ բացվում է։ Որդուն նախկին նյարդային շարժումով ներս հրում, ու դռան բարությունը արդեն մոռացած ուժեղ հարվածում իր ետևից՝ վզին փաթաթած գործված վզպատի ծայրը մնում է դռան տակ, ինքը մի քիչ առաջ գնում, որ նստի՝ գործվածքը ետ է քաշում, կինը նյարդային ձգում է, ու վերջապես մի կերպ դուրս է պրծնում, իսկ նա արդեն նստած է։ Ժամանակ առ ժամանակ հայացքը գցում է որդուն, որը նստած է պատուհանի մոտ, ու անթարթ հայացքով դուրս է նայում, ինքը շրջադարձերին բռնում է նրա ձեռքից, մեջքից, որ չընկնի։ Անընդմեջ ուղղում է նրա շորերը, ծածկում է, որ հանկարծ քամի չմտնի։ Որդին այդ պահերին հա շուրջն է նայում, քաշվում մորից, նրա պահվածքից ու շրջապատի մարդկանցից ու նեղված շարունակում դուրս նայել։ Read more...Collapse )

Ճիշտ ժամանակին


Քնի մեջ ցնցվեց. չավարտած գործի, չասված խոսքի պես մի բան տանջում էր: Վեր կացավ, նստեց անկողնում, ձեռքը տարավ լամպին, բայց լամպի փոխարեն դիպավ գրքերի աշտարակին` փլվեց, խուլ թմփոց լսվեց գորգին: Օրվա լուսավոր ժամերին արած տեղափոխություններին դեռ չէր հարմարվել, այն էլ` կիսաքուն, ավելի ճիշտ քնահարամ: Հիշողություններից ազատվելու միջոց էր գտելէ տեղափոխությունը, բայց հյիշողություններից ազատվել պետք չէ, ինչքան փորձես, այնքան ավելի ամուր են կպչելու-մնալու, իրենք իրենց կանցնեն:
Շոշափեց մարմինը սեփական, դեմքը` անծանոթ, մատների համար անծանոթ, մի փոքր պառաված: "Մի գիշերո՞ւմ",- ինքն իր մատների փոխանցած տեղեկատվությանը չհավատաց: Մատները ոնց էլ շարժեր, գալիս, հանդիպում էր նույն կնճիռին: Շարունակեց զննումը: Վախն ու անհասկանալի սպասումը քանդում էին նրան ներսից, իսկ մատները ասում էին, որ արտաքուստ էլ: Read more...Collapse )

Այլմոլորակային մարդը


Մի օր աստված քնած է մնում, ու արագիլը մարդու երեխային տանում է սխալ մոլորակ: Ու քանի որ աստված որոշել էր այլևս չմիջամտել մարդկանց կյանքին (այն բանից հետո, երբ լսել էր, որ մարդիկ օգտագործում են "աստծո մատը խառն ա " արտահայտությունը), թողեց, որ երեխան մնա այդ մոլորակում:
Մարդուն շատ բարդ էր այդ մոլորակում, նա այնտեղ իրեն բացարձակ օտար էր զգում. ոչ մի կերպ չէր կարողանում գտնել իրեն նմանների, ովքեր կհասկանային, կամ գոնե մի փոքր մոտիկ կլինեին իր մտածողությանը: Արտաքինով բացարձակ այլ այդ մոլորակի բնակիչները, չնայած շատ զարգացած էին, ու ունեին մոլորակների մեջ տեղաշարժվելու հարմարանք, բայց իրենց նախապաշարմունքներն ունեին, ու ուզում էին ամեն կերպ հեռացրած լինեն մարդուն իրենց մոլորակից: Նրանք արագ սովորեցրին նրան օգտվել այդ հարմարանքից, ու մարդը հեռացավ այլ մոլորակներ:
Նա երկար պտտվում էր տիեզերքում, գնում ամենատարբեր մոլորակներ, փնտրում իր նմաններին: Ամեն տեղ նա հանդիպում էր էակների, որոնք չէին երևում, բայց դիպչում էին իրեն, երևում, բայց անցնում իր միջով, ոչ երևում էին և ոչ էլ անցնում միջով: Read more...Collapse )

ներկա կարգավիճակ



Ժամը երկուսն է թե երեքը նշանակություն չունի, միևնույնն է՝ քնած է:
Մատներդ սահեցնում ես դեմքիդ դեռ չառաջացած կնճիռների դեռ չառաջացած ակոսներով, նախապես գծելով, նրանց ձև տալով, տեղ-տեղ ընդգծելով ու մի տեսակ սիրով: Նախագծում ես ինքդ քեզ ապագայում, երբ ներկադ պարզ չէ: Պարզ չէ, որովհետև վախենում ես պարզել, պարզեցնել: Խուսափում ես քեզնից, ու խցկվում ուրիշների կյանք, բայց միայն հյուրի կարգավիճակով, ու քեզ համար անզգալի, արագ հեռանալու մտքով. ոչ մի պատասխանատվություն:
Անցնում ես դատարկ փողոցով, նայում բնակելի շենքերի տաք պատուհանների տաք լույսերին, մտածում նրանց փոխարեն, մի փոքր երևակայում ու կարճ պահ ապրում նրանց կյանքով: Արագ լուծում նրանց խնդիրները, քանի որ ուրիշների խնդիրները միշտ էլ հեշտ լուծելի են, անցնում հաջորդ տաք լուսավորված տանը...
Փնտրում ես մարդկանց, փնտրում նրանց ընկերակցությունը կենակցության անվան տակ, քանի որ ավելի հեշտ է բարձրաձայնել կենակցություն, քան խոստովանել, որ ուզում ես սեփական խնդիրներից խուսափող ևս մեկ երեկո անցկացնել ուրիշի հետ. և ոչ մենակ, ու սխալ է ասել մենակ. մենակի փոխարեն ասել է պետք ինքդ քեզ հետ, իսկ հիմա դու հենց նա ես, ումից ամենից ավելի ես վախենում, ում մտքերը քեզ հասցնում են գուցե լուծման, բայց մշտական ջրբաժանի տեսքով, գուցե վերջնական արդյունքի, բայց անդունդի տեսքով:
Մտածում ես տարբեր ճանապարհների ու դրանց արդյունքների մասին: Օրինակ ես գտնում, երբ տարբեր ճանապարհները բերում են նույն լուծումներին, ու վախենում ես, որ միշտ, անկախ խնդրից ու ճանապարներից լուծումը միակն է: Թվում է, թե պիտի հանգստանայիր, որ քեզանից կախված չէ, որ ինչ էլ անես, նույն արդյունքն ես ստանալու, բայց նույնիսկ դու, ով հիմա խուսափում է ինքն իր ընկերակցությունից, վախենում ես նախանշված ուղիներից: Վախենում ես նաև չնախանշված ուղիներից: Պարզապես վախենում ես...
Չտեսնելու տված խնդիրներդ մի օր դուրս են գալու դիմացդ ու չտեսնելու տված ծանոթիդ պես բողոքելու են, դու արդարանալու ես, բայց իզուր, նա ծանոթիդ պես չի շրջվի քեզ մեջքով, այլ միայն լուծումը ավելի խորը կթաքցնի: Հետո դու կշոշափես դեմքիդ առաջին կնճիռը:

Հարաբերություններ



Մի շատ սովորական քաղաքում կյանքը գնում էր սովորականի պես: Մարդիկ զարթնում էին, գնում աշխատանքի, դասի, կամ քնած մնում: Սովորականի պես ուտում կամ սոված մնում, հանդիպում ընկերներին, կամ մենակ թեյում: Բայց հարաբերություններ չէին հաստատում, եղածներն էլ քանդվում էին: Ոչ ոք չէր կարողանում ոչ մեկի հետ մի քանի օրից ավելի հարաբերությունների մեջ լինել: Նրանք արագ հոգնում էին, հիասթափվում: Նրանց պահանջները երբեք բավրարված չէին, նրանցից էլ պահանջվողը չէր կատարվում, ու երկու կողմի դժգոհությունների պատճառով, նրանք արագ բաժանվում էին: Այդպես ամբողջ քաղաքում մարդիկ հուսահատվեցին: Մի որոշ ժամանակ ընտանիքներ չէին կազմվում, չէին քանդվում, քանի որ արդեն բոլորը քանդվել էին: Նրանց ամենաօրյա երեկոյան զրույցների մի կարևոր մասն էր կազմում իրենց երազած մարդկանց նկարագրությունները: Նրանք ողջ երեկոներ էին ծախսում իրար պատմելու համար, թե ինչպիսին կուզեին, որ լինի իրենց զույգը: Ու այդ խոսքերով արբած գնում էին տուն, շուտ քնում, ու նորից նույնը: Read more...Collapse )

Բախտի կանոնով


Նա վստահ էր, որ գետը կտանի: Մի տեղ աշխատում էր, մի կերպ ապրում էր, կյանքն էլ գետ է, տանում է: Իսկ թե հետո ինչ կլինի, դա կիմանա միայն հետո, ու դրա մասին միայն հետո կմտածի, որովհետև հիմա մտածում է հիմայի մասին, որը նույնքան նոր է, ինչքան հետո հետոն է լինելու: Նրան փոքր տարիքից սովորեցրել էին, տախտակները կապել, նստացրել վրան, որ գնա գետով ու հանկարծ չշեղվի ճիշտ ուզուց՝ գետի ուղուց: Թե ինչու է այն ճիշտ բոլորը գիտեն - որովհետև բոլորը գնում են այդ ուղով ու դժգոհողներ կան իհարկե, բայց ուղին փոխողներ չկան: Մի ամբողջ ազգի տանում է գետը:
Դպրոցն ավարտեց ու ընդունվեց տեխնիկում, որը սովորելու տարիներին տեխնիկումից վերանվանվեց սկբում ինստիտուտի, ապա համալսարանի, ու ծանոթները ծաղրում էին, թե ավարտելուց դիպլոմի փոխարեն միանգամից դոկտորի կոչում է ստանալու: Իրենք ծաղրեցին, իրենք ծիծաղեցին, իսկ դոկտորի կոչումը շատ չուշացավ: Հիմա արդեն ինքն է դաս տալիս. այն ժամանակվա ծաղրողները այժմ իրենց որդիների թեկնածուականի համար իրեն կաշառք են բերում, մի քիչ վիզ ծռում, անցյալը հիշում, բայց զգույշ, որ հանակարծ իրենց ծաղրանքը չվերհիշվի, ու գործը չփչացնեն՝ դե որդու համար է: Իրենք ստորանում են այդ դոկտորի առաջ, որովհետև իրենց ծնողները այնքան լավ չեն կապել տախտակները իրենց համար, կամ շտապել են ու սխալ տեղից իջեցրել գետը. դանդաղ հոսող տեղում են իջեցրել, իսկ նա արագահոս հատվածներում է հիմա: Read more...Collapse )

Այգին. քաղաքային



Քաղաքային այդ փոքրիկ զբոսայգին ամռան ամսիներին էլ էր գրեթե դատարկ՝ վատ համբավ ուներ. դրա դիմացի այգին լիքն էր, բայց մարդիկ փողոցը չէին անցնում, ու չէին գալիս նախկինում մանկական եղած այդ այգին, ու միայն մոտակա շենքերի բնակինչներն էին, որ առօրյա հոգսերից հոգնած ու ծանրացած, երեխաների ձեռքից բռնած, գալիս էին հենց այդ այգի, որովհետև լրացուցիչ փողոց անցնելու ուժ չկար, շոգը կերել էր նրանց հավեսը (ու ցուրտն էլ էր ուտում նրանց հավեսը), և վերջապես, այդ այգում մանկական հրապարակ կար: Դե, ոչ այնքան մանկական՝ կուսակցական դրոշով, բայց երեխաները սեփականցրել էին այն, այնտեղ էին խաղում, ծնողներն էլ դեմ չէին՝ հրապարակը միշտ տեսադաշտում էր: Այնքան երևացող տեղ, որ որոշները կարող էին նույնիսկ իրենց թույլ տալ տան պատուհանից նայել խաղացող երեխաներին՝ ձեռքի հետ էլ, սերիալը բաց չթողնել: Read more...Collapse )

Հանդիպումներ Ա78Ճ



Հանդիպում Ա78Ճբ

մեկ: - մենք նրան, ինչ արդեն չենք կարող փոխել «անցյալ» ենք անվանում
զրո: - մեզ մոտ անցյալն էլ է ապրում
մեկ: - ինչպե՞ս
զրո: - մեր ստացած նոր գիտելիքները ազդում են մեր ընկալման վրա, ու մենք անցյալն էլ ենք փոխված տեսնում
մեկ: - ձեր հիշողությունն է՞լ է փոխվում
զրո: - հիշողության պարունակությունը նոր իմաստ է ստանում


Հանդիպում Ա78Ճգ

մեկ: - մենք հին շորերը ու իրերը դնում ենք պարկերի մեջ ու մոռանում դրանց մասին
զրո: - մենք հին մարդկանց հետ ենք այդպես վարվում
մեկ: - բայց դա հակամարդկային է
զրո: - մեզ մոտ դա համամարդկային է
մեկ: - իսկ ի՞նչ է լինում նրանց հետ հետո
զրո: - նրանց հետ ոչինչ էլ չի լինում, մնում են պարկում, ու դու ես տնօրինում անցյալում արտահայտած իր մտքերը, իսկ ապագա չկա նրա համար
մեկ: - ուրեմն նա հնանալուց հետո էլ չի՞ ապրում
զրո: - ինչո՞ւ չի ապրում... նա շարունակում է ապրել, և երևի ինքն էլ մի նմանատիպ պարկի մեջ քեզ է գցել
մեկ: - այսինքն նրան պարկում պահելը քո մտքերո՞ւմ է միայն
զրո: - այո, ինչպես և դեռ չհնացած ժամանակ քո մտքերում ձեր շփումներն էին
մեկ: - դա նշանակում է, որ դուք ոչինչ չեք ունեցել, ու մարդու հնանալով ոչինչ չեք կորցրել, ձեզ մոտ նույնիսկ շփումները իրական չեն՝ այլ միայն մտքերում
զրո: - դա նշանակում է, որ մենք միշտ կորցնում ենք, չնայած գիտակցում ենք, որ շփման մեջ էլ ենք մենք. երկու կողմից նույն «ես»-ը
մեկ: - այդ դեպքում ինչի՞ են պետք շփումները
զրո: - «ես»-ին այլ կողմից ճանաչելու համար....
մեկ: - ուրեմն դուք այլ մարդկանց պարզապես օգտագործում եք ձեր շահերի համար. դա հակամարդկային է
զրո: - դա համամարդկային է և տարածվում է նույնիսկ ձեր վրա

Քաղաքային պատկեր



Քայլում եմ տախտակամածով ու թվում է, թե ծովի ալիքները ուր որ է պիտի սառը քամի բերեն, որ հարվածի դեմքիս ու մտնի մազերիս մեջ, բայց դա ընդամենը մի տիպի աստիճաններից այլ աստիճանների տանող տախտակամած է ու ոչ մի ծով էլ չկա... բայց քամին կա: Ու քամին բերում է սպասված սառը օդի փոխարեն քաղաքային բազմաթիվ փոշոտ մտքեր, շենքային զրույցներ ... Օտար զրույցներն էլ օտար չեն, որովհետև քաղաքում կյանքը կրկնվում է, ու եթե այդ զրույցի տիպի զրույց չես ունեցել դեռ, ապա վաղը կամ մյուս օրը կունենաս ու ոչ մի նոր բան: Նոր զրույցները էլ չեն գալիս քաղաք: Ամառային քամիները դարձել են հաճախակի՝ անտառների պակասությունից է: Առաջ, երբ նոր մտքեր չէին գալիս քաղաք, ասում էին, որ քաղաքը շրջապատող անտառները չեն թողնում, թե մտքերը տեղ հասնեն, ճանապարհին փաթաթվում են ծառերի ճյուղերին ու մնում: Հիմա անտառները չկան, բայց մտքերն ու զրույցներն ավելի ու ավելի են հնանում: Մարդիկ սկսել են երեկոյան մթնելուն պես քնել, որովհետև ասել-խոսլու բոլոր թեմաները արդեն սպառված են, ու այդ պատճառով է, որ քաղաքում, մթնելուց հետո, գնալով ավելի քիչ բնակարաններում է լույս վառվում: Read more...Collapse )

Երազոտ


Ժամը ուշ էր, ու ինչպես միշտ, այդ ժամին վերադառնալիս, շատ ուշադիր ես՝ ասես դետեկտիվ ֆիլմի հերոս լինես, հա շուրջն ու մութ անկյունները նայելով ես անցնում քեզ այնքան ծանոթ բակով: Չնայած շատ հոգնած ես, բայց բարձրանում ես գրեթե վազելով, ձեռքի լապտերով լուսավորելով վերև ու արդեն ներքև տանող աստիճանները: Նույնիսկ բնակարանների դռներից ես զգույշ: Հասնում ես քո հարկին, անցնում, էլի բարձրանում: Շենքային աստիճաններից հետո փայտյա աստիճաններն են, որոնք անհարմար են, ու դու միշտ մեծ ուժ գորժադրելով ես միայն կարողանում բարձրանալ այնտեղ՝ տանիք (վախենում ես միայն մուտքից), ուր դու ես ու մտքերդ: Ոչ այնքան մտքերդ, ինչքան երազներդ, իսկ դրանք տանիքներում պահելը առաջին հայացքից խելամիտ չէ՝ կարող են քամիները գողանալ, բայց երազները տանն էլ չես պահի...
Այդ ժամերին, օդը բավականին սառն էր լինում, քամոտ, ու ավտոմեքենաների հազվադեպ հասնող ձայները միայն օգնում եմ. օգնում են չպոկվել տանիքից, մնալ իրական: Իսկ ոչ այնքան հեռվում կառուսելներն են, արդեն դատարկ, անմարդ, անշարժ: Read more...Collapse )

Latest Month

August 2012
S M T W T F S
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner